Հայաստանը տարեկան մոտ 11 մլն դոլար կխնայի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ
Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրան ապրանքներ արտահանելիս Հայաստանը կարող է տարեկան մոտ 11 մլն դոլար տնտեսել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը: Այսպիսով, Իրանն առաջին անգամ գործնականում զրոյացրել է մի խումբ ապրանքների համար մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները, մասնավորապես Հայաստանը, ապրանքային անվանացանկի գրեթե 88%-ի արտահանման համար ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ «տնտեսումը» կլինի մի շարք ապրանքների մաքսատուրքի զրոյացման և ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափի նվազեցման հաշվին՝ ապրանքների մյուս խմբերի համար մաքսատուրքերը գործող 23 %-ից նվազեցնելով մինչև 8,1 %-ի:
«Իրանական կողմի տրամադրած արտոնությունները փաստացի կընդգրկեն դեպի Իրան հայկական արտահանման 97,6%-ը, որի ընդհանուր արժեքը կազմում է 97 մլն դոլար», - պարզաբանել են հարցմանն ի պատասխան:
Այսպես, տուրք չի գանձվի Հայաստանից Իրան գյուղատնտեսական արտադրանքի, հանքային և գազավորված ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, հրուշակեղենի, ծխախոտի, ոչխարի մսի արտահանման դեպքում: Նախարարությունից պարզաբանել են, որ դրանք ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներն են Իրան։
Արդյունաբերական ապրանքների ընտրությունը նույնպես իրականացվել է վերը նշված սկզբունքով և ներառում է հանքային հումք (պղինձ-ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային սիգարետներ, թերմոստատներ և այլն: Իրանական շուկա մուտքը կազատականացվի նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար, բացի այդ կնվազեցվեն Իրան ոսկերչական իրերի և դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը:
Ընդ որում, առաջարկվում է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք պղպեղի, սմբուկի, ձմերուկի և սեխի ներմուծման սեզոնային սակագնային քվոտաները, ինչպես նաև արդյունաբերական ոլորտները ներառել պլաստիկ արտադրանքի սակագնային քվոտաներում։
Հայկական կողմի գնահատմամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես կբարձրացնի իրանական շուկայում Հայաստանի ապրանքների մրցունակությունը, կավելացնի ապրանքների արտահանումն Իրան, կկրկնապատկի ապրանքաշրջանառությունը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...