Կամայականության դուռ է բացվում. Թաթոյանը՝ ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասին
Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին (ՀԷՑ) առնչվող արբիտրաժային գործընթացին՝ բարձրաձայնելով մտահոգություններ երկրի իրավական միջավայրի և միջազգային հեղինակության վերաբերյալ։
Ըստ նրա՝ ՀՀ կառավարության արձագանքը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից կայացված վճռին փաստում է, որ իշխանությունը պատրաստ է չկատարել այնպիսի միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ, որոնք չեն համապատասխանում վարչապետի անձնական կամ քաղաքական նախընտրություններին։ Սա, ըստ Թաթոյանի, փաստացի բացում է կամայականության դուռ՝ այնպիսի վտանգավոր նախադեպ ստեղծելով, երբ միջազգային ցանկացած դատարանի որոշում կարող է մերժվել միայն այն պատճառով, որ այն «դուր չի եկել» կառավարության ղեկավարին։
Նա ընդգծել է, որ կառավարության կողմից շրջանառվող թեզը՝ թե իբր արբիտրաժային որոշման չկատարումը տեղի է ունենում ի շահ երկրի ինքնիշխանության, իրավական առումով ոչ մի հիմք չունի և ուղղակիորեն հարվածում է Հայաստանի միջազգային հեղինակությանը։ «Այդպիսի մոտեցումը լրջորեն վնասում է ներդրումային միջավայրին, և ապացուցում է, որ Հայաստանում պետական ինստիտուտները չեն գործում։ Սա արդեն արդյունք է անձնիշխանության և կուսակցապետության համակարգի», – նշվում է գնահատականում։
Թաթոյանի խոսքով՝ իրավական լուծումը միանշանակ է՝ Հայաստանի դատարանը պարտավոր է քննարկել միայն Ստոկհոլմի արբիտրաժի որոշման ճանաչման և կատարման հարցը՝ առանց խորանալու նրա բովանդակային ասպեկտներին։ Հնարավոր մերժումը կարող է լինել բացառապես այն դեպքում, երբ տվյալ որոշումը հակասում է հանրային կարգին, սակայն այս պահին վարչապետի վարքագիծը փաստում է՝ հարցը վերածվել է անձնական-քաղաքական հակամարտության։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին հայտնի դարձավ՝ Սամվել Կարապետյանի ընտանիքը հաղթել է Հայաստանի կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային գործը։ Դրան նախորդել էր կառավարության մի շարք քայլեր՝ ուղղված ՀԷՑ-ի պետականացմանը։ Մասնավորապես, հունիսի 18-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել էր՝ հասունացել է պահը ՀԷՑ-ի ազգայնացման համար, իսկ հուլիսի 3-ին ԱԺ-ն ընդունեց համապատասխան օրենսդրական փաթեթը։ Հուլիսի 18-ին էլ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ընկերության ժամանակավոր կառավարիչ՝ ՀԾԿՀ որոշմամբ։
Ընկերությունը Կարապետյանը ձեռք է բերել 2016 թվականին՝ ՀՀ նախկին իշխանությունների խնդրանքով՝ ներդնելով հարյուրավոր միլիոն դոլարներ՝ ենթակառուցվածքի արդիականացման համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027