Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

Երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում աստիճանաբար ձևավորվել է մի պատկերացում, ըստ որի, հայրենիքը, պետությունը և ինքնությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն։ Այս մոտեցումը ներկայացվում է ոչ թե որպես քննարկման ենթակա քաղաքական թեզ, այլ որպես ժամանակի և պատմության կողմից թելադրված անխուսափելի անհրաժեշտություն։ Այն հիմնվում է այն տրամաբանության վրա, որ ժամանակակից աշխարհում ինքնությունները գործում են պետությունների միջոցով, իսկ պետականության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է ինքնության քայքայման։ Առաջին հայացքից այս մոտեցումը կարող է թվալ իրատեսական և նույնիսկ պաշտպանողական, սակայն ավելի խորքային դիտարկումը բացահայտում է դրա ներքին հակասությունները և ազգային ինքնության ամբողջական ընկալման համար վտանգավոր կողմերը։

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգում, անշուշտ, պետությունն է հանդիսանում իրավական հիմնական սուբյեկտը։ Քաղաքացիական իրավունքները, անվտանգությունը, սոցիալական պաշտպանությունն ու քաղաքական ներկայացվածությունը իրականություն են դառնում պետական ինստիտուտների միջոցով։ Այս իմաստով պետությունն իսկապես առանցքային գործոն է ազգային ինքնության պահպանման և զարգացման գործում։ Պատմությունն էլ բազմիցս ցույց է տվել, որ պետականության բացակայությունը ժողովուրդներին թողնում է խոցելի դիրքում, զրկում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությունից և հաճախ հանգեցնում է քաղաքական ու մշակութային ճնշումների։

Սակայն այս իրողությունից բխեցնել, թե հայրենիքն ամբողջությամբ նույնանում է պետության հետ, արդեն իսկ խնդրահարույց է։ Հայ ժողովրդի պատմական փորձը խոսում է հակառակի մասին։ Հայկական ինքնությունը ձևավորվել է պետականության պայմաններում, սակայն պահպանվել է նաև դրա բացակայության ընթացքում։ Դարեր շարունակ, երբ հայկական պետականություն գոյություն չի ունեցել, հայրենիքի գաղափարը չի վերացել։ Այն ապրել է լեզվի, հավատքի, պատմական հիշողության, մշակութային ավանդույթի և հոգևոր ինքնագիտակցության միջոցով։ Եթե հայրենիքը ամբողջությամբ նույնացվեր պետության հետ, ապա միջնադարյան և նոր ժամանակների հայությունը պետք է համարվեր առանց հայրենիքի գոյություն ունեցող հանրույթ, ինչը ակնհայտորեն հակասում է պատմական իրականությանը։

Պետականությունն, անկասկած, կարևոր դեր է խաղացել ինստիտուցիոնալ հիշողության, քաղաքական մտածողության և ինքնիշխանության գաղափարի ձևավորման գործում։ Հին և միջնադարյան հայկական թագավորությունները ստեղծել են այն արժեքային և իրավական հիմքերը, որոնց վրա հետագայում ձևավորվել է ազգային ինքնագիտակցությունը։ Սակայն նույն պատմությունը նաև ապացուցում է, որ պետության կորստից հետո այդ գործառույթների մեծ մասը փոխանցվել է ոչ պետական ինստիտուտներին։ Եկեղեցին, կրթական ավանդույթը, գրավոր լեզուն և մշակութային ինքնակազմակերպումը դարեր շարունակ ապահովել են ինքնության շարունակականությունը՝ անկախ պետական իշխանության առկայությունից։

Այս համատեքստում ինքնության սահմանափակումը միայն գործող պետական կազմակերպա-իրավական ձևով հանգեցնում է գաղափարական աղճատման։ Հայրենասիրությունը սկսում է մեկնաբանվել որպես վարչարարական պարտականությունների կատարում, օրինապահություն և հարկային պարտավորությունների իրականացում։ Այդ մոտեցման մեջ ազգային ինքնությունը վերածվում է քաղաքացիական վարքագծի կանոնների համադրության, մինչդեռ դրա մշակութային, պատմական և քաղաքակրթական շերտերը մղվում են երկրորդ պլան կամ ներկայացվում են որպես անցյալին պատկանող, այլևս գործառույթ չունեցող երևույթներ։ «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», «Հայրենիքը պետությունն է. եղի՛ր օրինապահ», «Հայրենիքը պետությունն է.վճարի՛ր հարկերդ». այս կրկնվող կառուցվածքը հայրենասիրությունը վերածում է վարչարարական վարքագծի, իսկ ինքնությունը՝ քաղաքացիական պարտականությունների հավաքածուի, որի մեջ այլևս տեղ չի մնում պատմական հիշողության, մշակութային շարունակականության և ազգային ինքնության հոգևոր չափման համար։

Սակայն հայ մշակութային մտածողության մեջ հայրենիքը երբեք չի սահմանափակվել հրահանգներով։ Հովհաննես Շիրազը վաղուց էր ձևակերպել այս միտքը ոչ որպես քաղաքական պահանջ, այլ որպես ներքին ճանաչում. «Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա»։ Այս տողերում հայրենիքը ապրում է ոչ թե արտասանության, այլ ներսից կրելու, ցավի և անձնական պատկանելության մեջ։ Նույն ներքին աշխարհընկալումն է ձևակերպում նաև Պարույր Սևակը, երբ գրում է, որ հայրենիքի անունը արտասանելիս ձեռքը դրվում է սրտի վրա՝ ոչ թե երդման ձևի համար, այլ որպեսզի այն «հանկարծակի չպայթի դողից»։ Այստեղ հայրենիքը գաղափար չէ, այլ ծանրություն, որը մարդը կրում է իր ներսում։ Իսկ երբ Սևակն արձանագրում է, թե Սուրբ Գրքերը «յուղոտ բերանով են ծամում», նա նախազգուշացնում է այն վտանգի մասին, երբ ամենասրբազանը վերածվում է շահարկման և սպառման նյութի։ Ինչպես ինքն է ընդգծում մեկ այլ տեղ, «մեզ մեր հայրենիքում սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց»։

Հատկապես խնդրահարույց է այն պնդումը, ըստ որի, գործող պետական տարածքը պետք է ընկալվի ոչ թե որպես պատմական կորուստների հետևանք, այլ որպես ամբողջական և ավարտուն հայրենիք, իսկ պատմական փորձը՝ որպես միայն նախազգուշացում՝ այլևս չկրկնելու այդ ճանապարհը։ Այս մոտեցումը ենթադրում է, որ պատմական հիշողությունը պետք է կատարի սահմանափակող դեր և չդառնա ինքնության կենսունակ բաղադրիչ։ Մինչդեռ պատմությունը ինքնություն ձևավորող ոչ միայն սխալների հիշեցում է, այլ նաև շարունակականության և ինքնագիտակցության աղբյուր։

Այս հանգամանքի անտեսումը ստեղծում է վտանգ ազգային ամբողջականության ընկալման համար։ Սփյուռքը, որը դարեր շարունակ եղել է հայ ինքնության պահպանման և վերարտադրության առանցքային միջավայրերից մեկը, այս տրամաբանության մեջ հայտնվում է գաղափարական դաշտից դուրս։ Եթե ինքնությունը ամբողջությամբ նույնացվում է գործող պետության հետ, ապա պետական սահմաններից դուրս գտնվող միլիոնավոր հայեր փաստացի զրկվում են լիարժեք հայրենիք ունենալու զգացումից, ինչը խորացնում է ազգային ներքին պառակտումը։

Պետությունը պատասխանատվություն է, ինչպես պատասխանատվություն է նաև ազատությունը։ Սակայն պատասխանատվությունը չի կարող հիմնվել ինքնության նեղացման և պատմական ամբողջության մերժման վրա։ Ազգային ինքնության ուժը միշտ եղել է դրա բազմաշերտ լինելու մեջ՝ քաղաքական, մշակութային, հոգևոր և պատմական բաղադրիչների համադրության մեջ։ Պետությունը կարող է և պետք է լինի այդ ինքնության քաղաքական արտահայտությունը, բայց այն չի կարող փոխարինել ամբողջական հայրենիքի գաղափարին։

Այսպիսով, պետության կարևորության ընդգծումն ինքնին խնդրահարույց չէ, սակայն այն վտանգավոր է դառնում այն պահին, երբ վերածվում է բացարձակացման։ Հայկական պատմական փորձը հուշում է, որ ինքնության կենսունակությունը պայմանավորված է եղել ոչ միայն պետականությամբ, այլ նաև այն արժեքներով ու ինստիտուտներով, որոնք գործել են պետականությունից անկախ։ Հետևաբար, ազգային մտածողության առողջ զարգացման համար անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը քաղաքական իրատեսության և պատմական-քաղաքակրթական ամբողջականության միջև՝ չնեղացնելով հայրենիքը միայն պետական սահմանների շրջանակում։

Պետությունն անհրաժեշտ է հայրենիքի համար, սակայն երբ հայրենիքը սահմանափակվում է միայն պետությամբ, սկսվում է ինքնության լուռ, բայց վտանգավոր աղքատացումը։ Այդ պահին ինքնությունը դադարում է ապրել որպես հիշողություն, մշակույթ և հոգի, և սկսում է գործել միայն որպես պարտականություն։ Ըստ էության, ինքնությունը չի կորսվում այն օրը, երբ պետությունը թուլանում է, այլ այն օրը, երբ հայրենիքը սկսում են բացատրել միայն պետության լեզվով։ Պետությունը կարող է սահմաններ ունենալ, բայց հայրենիքը սկսվում է այնտեղ, որտեղ ինքնությունը դեռ չի սովորել խոսել միայն հրահանգների լեզվով: Երբ հայրենիքը վերածվում է պարտականության, ինքնությունը դադարում է լինել ընտրություն:

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում