Պետությունը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ բացառելու մահվան դեպքերը ազատությունից զրկման վայրերում
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր խորը մտահոգությունն է հայտնում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 43-ամյա կալանավորված անձի կենսաբանական մահվան վերաբերյալ, որն արձանագրվել է 2026 թվականի փետրվարի 17-ին՝ պալիատիվ բուժօգնության կենտրոնում։
Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 2026 թվականի հունվարի 29-ին կանչվել է շտապօգնություն, որի միջոցով վերջինս տեղափոխվել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ Այնուհետև, 2026 թվականի փետրվարի 4-ին, կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն, որտեղ 2026 թվականի փետրվարի 17-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը։ Մահվան փաստը հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից:
Կազմակերպության համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ կալանավորված անձի կենսաբանական մահն արձանագրվել է փետրվարի 17-ին, մինչդեռ հանրությունն այդ մասին տեղեկացել է միայն փետրվարի 23-ին՝ մամուլի հրապարակումից հետո։ Ազատությունից զրկված անձանց մահվան յուրաքանչյուր դեպք գտնվում է պետության անմիջական պատասխանատվության ներքո և ենթակա է անհապաղ, լիարժեք և թափանցիկ հանրային իրազեկման։ Հակառակ պարագայում առաջանում են թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ հիմնավոր մտահոգություններ, ինչպես նաև ձևավորվում է տպավորություն, որ նման դեպքերը կարող են մնալ քողարկված և չարժանանալ պատշաճ ուշադրության՝ առանց մամուլի միջամտության։ Նման գործելակերպն անընդունելի է իրավական պետության և մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար սկզբունքների տեսանկյունից։
Հատկանշական է, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն, ինչը վկայում է առողջական վիճակի ծայրահեղ ծանր լինելու մասին։ Յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական և անվերապահ պարտավորությունն է, հատկապես այն դեպքերում, երբ անձը գտնվում է պետության լիակատար վերահսկողության ներքո։ Այս համատեքստում առանձնակի կարևոր է պարզել, թե արդյո՞ք կալանավորված անձի առողջական վիճակը համատեղելի է եղել կալանքի պայմանների հետ, արդյո՞ք ապահովվել է ժամանակին, համարժեք և ամբողջական բժշկական օգնություն, արդյո՞ք իրականացվել է առողջական վիճակի պատշաճ և անկախ բժշկական գնահատում։ Միաժամանակ անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք քննարկվել է խափանման միջոցի փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով առողջական վիճակը, և արդյո՞ք պետությունն ամբողջությամբ կատարել է կյանքի իրավունքի պաշտպանության իր պոզիտիվ պարտավորությունները։
Կալանքի պայմաններում գտնվող անձանց կյանքի իրավունքը պաշտպանված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններով։ Պետությունը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացառելու համար կանխարգելելի մահվան ցանկացած դեպք ազատությունից զրկման վայրերում։
Կազմակերպությունը կարևորում է, որ տվյալ դեպքի բոլոր հանգամանքները ենթարկվեն լիարժեք, անկախ և արդյունավետ քննության՝ ապահովելու համար հանրային վստահությունը և բացառելու համար նման դեպքերի կրկնությունն ապագայում։ Միաժամանակ ընդգծում է, որ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության տրամադրման համակարգը պետք է շարունակաբար գտնվի պետական և հանրային վերահսկողության ներքո՝ որպես մարդու արժանապատվության և հիմնարար իրավունքների պաշտպանության անբաժանելի երաշխիք։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան