Հայաստանի թեկնածուն. «Միասնության թևերը» ներկայացրեց իր քաղաքական օրակարգը
Փետրվարի 28-ին «Միասնության թևեր» նախաձեռնությունը ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը՝ ձևակերպելով այն որպես այլընտրանքային օրակարգ Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների պայմաններում։
Միջոցառման ընթացքում նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ կոշտ գնահատականներ հնչեցնելով գործող իշխանության քաղաքական գծի վերաբերյալ և ներկայացնելով իր առաջարկած մոտեցումները պետական կառավարման, անվտանգության, կրթության, եկեղեցի–պետություն հարաբերությունների, Սփյուռքի հետ աշխատանքի և մայրաքաղաքի զարգացման հարցերում։
Թաթոյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը համաձայնում է արտաքին պահանջներին՝ թե՛ Սահմանադրության փոփոխության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանի դիրքերի թուլացման հարցում։ Նրա խոսքով՝ այն պայմաններում, երբ ադրբեջանական զինուժը շարունակում է ամրապնդել դիրքերը Հայաստանի տարածքում, իսկ հայ գերիների նկատմամբ իրականացվում են ծանր հանցագործություններ, երկրի ղեկավարը սահմանափակվում է խնդրանքով դիմելու հայտարարություններով։
Նախաձեռնության ղեկավարն ընդգծեց, որ իր քաղաքական ուժը նպատակ ունի վերականգնելու ազգային արժեհամակարգի առաջնահերթությունը։ Նա հայտարարեց, որ Հայոց պատմությունը լիարժեքորեն կվերադարձվի դպրոցական դասագրքեր, իսկ եկեղեցու նկատմամբ պետական միջամտությունը կդադարեցվի։ Նրա ձևակերպմամբ՝ Հայաստանը պետք է դառնա երկիր, որտեղ եկեղեցին չի զբաղվում քաղաքականությամբ, իսկ պետությունը չի ներխուժում եկեղեցու ներքին կյանք։
Սփյուռքի հետ հարաբերությունների հարցում Թաթոյանը շեշտեց համազգային միասնության գաղափարը՝ նշելով, որ Հայաստանը պարտավոր է տեր կանգնել աշխարհի բոլոր հայերին։ Նրա խոսքով՝ հայրենիք վերադարձող յուրաքանչյուր հայ պետք է զգա, որ իր տուն է եկել, և պետությունը պարտավոր է այդ վերաբերմունքը դարձնել գործնական քաղաքականություն։
Ներքին քաղաքական դաշտի վերաբերյալ նախաձեռնության ղեկավարը հայտարարեց, որ երկիրը հայտնվել է արատավոր շղթայի մեջ, որտեղ նախկինների և ներկաների հակադրությունը վերածվել է քաղաքական գոյատևման գործիքի։ Նրա համոզմամբ՝ գործող իշխանությունը սնվում է նախկին սխալների վրա կառուցված հակադրությունից, իսկ նախկին առաջնորդների վերադարձի փորձերը միայն ամրապնդում են այդ տրամաբանությունը։ Այդ շղթան, ըստ նրա, պետք է կտրել։
Թաթոյանը ներկայացրեց իր ձևակերպած նոր մոտեցումը՝ հրաժարվել «կամ–կամ» մտածողությունից և անցնել «և–և» սկզբունքին։ Նրա խոսքով՝ հնարավոր է և անվտանգություն, և ժողովրդավարություն, և ուժեղ բանակ, և ազատ տնտեսություն, և ազգային արժանապատվություն, և ժամանակակից պետություն՝ առանց արտաքին բևեռների միջև ընտրության պարտադրանքի։
Երևանի զարգացման վերաբերյալ նա քննադատեց կառուցապատման ներկայիս քաղաքականությունը՝ նշելով, որ նոր թաղամասեր են կառուցվում առանց դպրոցների, բուժհաստատությունների, այգիների և ճանապարհների։ Նրա առաջարկը հստակ էր՝ եթե չկա անհրաժեշտ ենթակառուցվածք, չի կարող լինել շինթույլտվություն։ Երևանը, նրա ձևակերպմամբ, ցուցափեղկ չէ, այլ բնակիչների քաղաք։
Սահմանադրության փոփոխության թեմային անդրադառնալով՝ Թաթոյանը շեշտեց, որ խնդիրը ոչ թե հիմնական օրենքի տեքստն է, այլ այն չպահպանելու մշակույթը։ Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր նոր առաջնորդ սկսում է Սահմանադրությունը վերաձևելու փորձից՝ սեփական քաղաքական շահերին համապատասխանեցնելու նպատակով։ Օրենքը, ըստ նրա, պետք է պաշտպանի թույլին ուժեղից և ապահովի պետության կանխատեսելիությունը։
Ելույթի ամենակտրուկ հատվածում նախաձեռնության ղեկավարը խոսեց արտաքին ազդեցությունների մասին՝ նշելով, որ տարբեր պետություններ ունեն իրենց նախընտրած թեկնածուները Հայաստանի ղեկավարի պաշտոնի համար։ «Հայաստանը պետք է ունենա իր թեկնածուն»,– հայտարարեց նա՝ ընդգծելով, որ ինքն է այդ թեկնածուն և իր գործունեությունը կղեկավարի բացառապես Հայաստանի շահերով։
Միջոցառումն ավարտվեց համախմբման կոչով։ «Միասնության թևեր» նախաձեռնությունը իր քաղաքական հայտը ձևակերպեց որպես ազգային շահի առաջնահերթության, օրենքի գերակայության և արժանապատիվ պետականության վերականգնման ծրագիր՝ առաջիկա քաղաքական փուլում հայտ ներկայացնելով երկրի ղեկավարման պատասխանատվության համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...