Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանում կայացան հերթական ընտրություններ, և հանրային քննարկումների կենտրոնում դարձյալ իշխանության հնարավոր փոփոխությունն էր: Չստացվեց: Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրական շրջադարձերը տեղի են ունենում ոչ միայն իշխանափոխությամբ, այլ նաև այն ժամանակ, երբ հասարակությունը վերագտնում է իր ինքնությունը, իր արժեքային առանցքը և իր պատմական գոյության իմաստը։ Քաղաքական փոփոխությունը, եթե այն չի ուղեկցվում արժեքային և հոգևոր վերակազմակերպմամբ, մնում է ձևի փոփոխություն՝ առանց բովանդակության վերափոխման։
Այսօր Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը հենց իմաստային ճգնաժամն է։ Վերջին տարիներին խորացել են բևեռացումները, անվստահությունը, պատմության նկատմամբ հակասական վերաբերմունքը և ազգային ինքնության շուրջ անորոշությունը։ Պետությունը կարող է պահպանել իրավական ձևը, սակայն կորցնել իր ներքին ամրությունը, եթե թուլանում է ժողովրդի ինքնության և պատասխանատվության գիտակցությունը։
Ժամանակակից աշխարհում պետությունների կայունությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական կամ ռազմական կարողություններով, այլ նաև իմաստային դիմադրողականությամբ։ Մարդը կարող է ապրել տեխնոլոգիական զարգացման պայմաններում, բայց միաժամանակ կորցնել իր գոյության նպատակի գիտակցությունը։ Նույնը վերաբերում է պետություններին. երբ հասարակությունը չի տեսնում իր պատմական շարունակականությունը, թուլանում է նաև պետական շարունակականությունը։
Հայ ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս, որ մեր գոյությունը երբեք չի հիմնվել միայն նյութական ռեսուրսների վրա։ Մենք բազմիցս կորցրել ենք պետականությունը, անցել պատերազմների, ցեղասպանության և արտագաղթի միջով, սակայն պահպանվել ենք ազգային խորքային գիտակցության շնորհիվ։ Այդ գիտակցության հիմքում եղել են քրիստոնեական հավատքը, ընտանիքի արժեքը, կրթության նկատմամբ հարգանքը, հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը և պատմական հիշողությունը։
Հասարակությունները կառուցվում են այն արժեքների շուրջ, որոնք իրենք պաշտպանում են։ Եթե գերակշռում են արդարությունը, ճշմարտությունը և արժանապատվությունը, հասարակությունը ամրանում է։ Եթե գերակշռում են շահը և նպատակահարմարությունը, հասարակությունը սկսում է քայքայվել։
Այս ամենի պատկերին Հայաստանի վերականգնումը պահանջում է ոչ միայն քաղաքական փոփոխություն, այլ նաև քաղաքակրթական վերածնունդ։ Անհրաժեշտ է ազգային ինքնագիտակցության վերականգնում, կրթական և մշակութային համակարգերի ամրապնդում և պետական մտածողության վերակառուցում։
Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրը այս գործընթացը դարձնում է առավել բարդ։ Հարավային Կովկասը դարձել է ուժային կենտրոնների մրցակցության խաչմերուկ։ Ուկրաինական պատերազմը փոխել է ուժային հավասարակշռությունները, Մերձավոր Արևելքի անկայունությունը ավելացրել է ռիսկերը, իսկ գլոբալ մրցակցությունը սրվել է։
Այս պայմաններում փոքր պետությունների ճակատագիրը կախված է ոչ միայն արտաքին հարաբերություններից, այլ նաև ներքին համախմբվածությունից։ Անվտանգությունը միայն ռազմական համակարգ չէ. այն ազգային կամքի, ռազմավարական մտածողության և հասարակական վստահության ամբողջական համակարգ է։
Միաժամանակ, առանցքային բաղադրիչներից է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։ Երբ քաղաքացին չի վստահում դատարանին, խորհրդարանին կամ պետական համակարգին, սկսում է քայքայվել պետության ներքին միասնականությունը։ Ինստիտուտները պետության ողնաշարն են, և դրանց թուլացումը համակարգային անկայունություն է ստեղծում։
Հասարակական բևեռացումը ևս խորացնում է այս վիճակը։ Երբ քաղաքական մրցակցությունը վերածվում է ներքին բաժանման, սկսվում է ազգային ներուժի կորուստ։ Այդ դեպքում քաղաքացիները այլևս չեն տեսնում միմյանց որպես նույն պետության մաս։
Այս բոլոր գործընթացների հիմքում արժեքային ճգնաժամն է։ Երբ հասարակությունը կորցնում է իր արժեքային կողմնացույցը, խաթարվում է առաջնայինի և երկրորդականի, արդարի և օգտակարի տարբերությունը։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն կառույցներով, այլ ընդհանուր պատկերացումով բարոյականության և պատասխանատվության մասին։
Իրական ազատությունը նույնպես ունի խորքային իմաստ։ Այն չի սահմանափակվում ընտրության իրավունքով, այլ ենթադրում է պատասխանատվություն։ Ազատ հասարակությունն այն չէ, որտեղ բոլորը պահանջում են, այլ այն, որտեղ քաղաքացին պատրաստ է և հնարավորություն ունի ստեղծել ընդհանուր բարիք։
Հայաստանի ապագան կախված է ոչ միայն նրանից, թե ով է ձևավորում իշխանությունը, այլ նաև նրանից, թե ինչ պետություն է ցանկանում կառուցել հասարակությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները վերածնվում են ոչ թե իշխանափոխությամբ, այլ ինքնագիտակցության վերականգնմամբ։ Երբ ժողովուրդը վերագտնում է իր էությունը, նույնիսկ ծանր վիճակը դառնում է նոր վերելքի սկիզբ։
Պետությունները չեն կործանվում միայն արտաքին ճնշումներից։ Դրանք թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը։ Եվ ճիշտ նույն կերպ՝ պետությունները վերականգնվում են այն ժամանակ, երբ հասարակությունը կրկին սկսում է հասկանալ, թե ինչու է գոյություն ունենում իր պետությունը և ինչ պատասխանատվություն ունի իր պատմության առաջ։ Այդ պահից է սկսվում ոչ միայն քաղաքական փոփոխությունը, այլ նաև պետության վերածնունդը։
ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան