Բաքուն խոստովանեց, թե ինչու չի հարձակվում. Ալիեւը կգնա, իսկ Հասանովին կդատե՞ն
Ադրբեջանի պաշտպանության նախարարը տրտնջացել է հայկական զինուժի խորքային հետախուզության կարողությունից, ասելով, թե դա ապահովվել է «հայերի հովանավոր ԱՄՆ» աջակցությամբ:
Դեռեւս 2017 թվականին Լրագրի հետ հարցազրույցում այդ տեխնոլոգիաների մասին ազդարարել էր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, նշելով, որ ապրիլյանից հետո առաջնագծում տեղակայվել են ամերիկյան տեսադիտարկման սարքերը: Դրանք թույլ են տալիս մեծ խորության վրա արձանագրել հակառակորդի շարժն ու կասեցնել այն «արմատից»: Այդ տարիներին Բաքուն ունեցել է դրանում համոզվելու բազմաթիվ ցավոտ առիթներ, ինչպես օրինակ 2017 թվականի փետրվարի 25-ին, երբ Արցախի դիրքապահները ոչնչացրին դիվերսիայի անցնող էլիտար ստորաբաժանումը:
Զաքիր Հասանովի տրտունջի խորքային պատճառը սակայն անշուշտ դա չէ: Բաքվում երբեք չեն տրտնջում սեփական զոհերի կապակցությամբ, քանի որ դրանք արժեք չունեն Ադրբեջանի ղեկավարության համար: Հակառակ պարագայում ռազմական դիվանագիտության փոխարեն Ալիեւը վաղուց ձեռնամուխ կլիներ առանց նախապայմանի խաղաղության շուրջ քննարկումների:
Զաքիր Հասանովի տրտունջի պատճառն այն է, որ հայկական կողմին խորքային տեսադիտարկման սարքերի մատակարարումը քաղաքական իմաստով հավասարազոր է Վիեննայի օրակարգի կյանքի կոչմանը, իհարկե մասնակի, սակայն սկզբունքային առումով: Ինչպես հայտնի է, այդ օրակարգը ենթադրում է հրադադարի խախտման տեսադիտարկման եւ միջազգային քննության մեխանիզմ:
Բաքուն հրաժարվել է դրանից, հայտարարելով, որ այդ մեխանիզմը դե ֆակտո ստատուս-քվոյի ճանաչում է: Բաքվի հրաժարման «հովանավորը» Մոսկվան է, քանի որ այդ մեխանիզմի արձանագրումը նշանակելու է, որ չեղարկվում է Մոսկվայի պարեկային գերակայությունը, եւ իրավիճակի կառավարումը ներառվում է միջազգային իրավա-քաղաքական պատասխանատվության շրջանակ: Այսինքն, Ռուսաստանը կզրկվի Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ լծակից:
Հայ-ամերիկյան գործակցությունը տեսադիտարկման հետախուզական սարքերի առումով ապահովել է մի իրավիճակ, երբ հայկական զինուժը ստանում է ոչ միայն խորքային հետախուզության կանխարգելիչ նոր հզորություն, այլ նաեւ սահմանային «փաստահավաք» նոր կարողություն, երբ բավականին հստակ կարող է ներկայացվել, թե ինչպես է տեղի ունեցել հրադադարի խախտումը եւ ով է այն նախաձեռնել:
Դա էապես բարձրացրել է ռեգիոնալ կայունության հուսալիությունը, ինչը ռազմավարական անհրաժեշտություն է Միացյալ Նահանգների համար, որը խնդիր ունի Կովկասում թույլ չտալ մի կողմից ռուս-թուրքական մերձեցում, մյուս կողմից՝ ռուս-թուրքական ռազմական հակադրություն:
Այդ իրողությունը խորացրել է Ադրբեջանի փակուղին, հասունացնելով նաեւ Ալիեւի պաշտոնավարման հետագա աննպատակահարմարության հարցը: Այդ մասին Վաշինգտոնի եւ Մոսկվայի համաձայնության առնչությամբ բարձրաձայնում են ադրբեջանցի նախկին պաշտոնյա-դիվանագետները: Թեեւ, դա մատնում է անգամ Զաքիր Հասանովը, իր հարցազրույցում գրեթե ամեն նախադասությունից հետո մինչեւ գետին խոնարհվելով Գերագույն գլխավոր հրամանատարի առաջ:
Ալիեւի անկումը լինելու է անկում Հասանովի համար: Ավելին, պետք չէ բացառել, որ Ալիեւը կարող է հեռանալ կնոջ երաշխիքներով, իսկ ահա Հասանովին կարող են անգամ դատել՝ ինչ որ մեկի վրա վերագրելով ադրբեջանական բանակում կոռուպցիան եւ բացատրելով, թե իրականում ինչու մինչեւ հիմա «չեն ազատագրել իրենց հողերը»:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»