«Բնիկ երեւանցու» էֆեկտը. նոր օրենքը պայթեցնում է արատավոր հանգույցները
Հայաստանում գույքահարկի սահմանման փոփոխությունների մասին օրինագիծը, որով նախատեսվում է գույքահարկի այսպես ասած պրոգրեսիվ թանկացում, դարձել է բոլորովին այլ հարցի վերաբերյալ հանրային բուռն քննարկումների պատճառ: Մի շարք հայտնի անձինք սկսել են ֆեյսբուքյան ֆլեշ-մոբ, թե իրենք բնիկ երեւանցի են, եւ գույքահարկի թանկացումը սպառնում է կենտրոնում իրենց բնակության իրավունքին:
Իհարկե, Երեւանի կենտրոնի համար թանկացող գույքահարկը շատ բնակիչների համար կարող է լինել սոցիալական հավելյալ բեռ: Ընդհանրապես, գույքահարկի փաստացի թանկացման մասին օրինագիծը պետք է լինի հանրային քննարկման առարկա, եւ հանրությանը պետք է մատչելի բացատրվեն մեխանիզմը, սկզբունքները, նաեւ հասկանալի լինի, թե որքան է ծանր սոցիալական բեռը:
Անշուշտ, այդ կոմունիկացիան օրենքի շուրջ ոչ միայն կարեւոր է, այլեւ պարտադիր: Բայց այդ համատեքստում մեջտեղ է բերվել գործնականում անհեթեթ մի «կատեգորիա»՝ «բնիկ երեւանցու» հանգամանքը, որը դրվում է արտոնյալ կարգավիճակի տրամաբանությամբ:
Հենց դա էլ դարձել է հանրային բուռն քննարկման առարկա: Հանրությունը ընդդիմախոսում, անգամ հեգնում, ծաղրում է հայտնի մարդկանց մոտեցումը, թե իրենք բնիկ երեւանցի են եւ պետք է անվճար կամ շատ էժան ապրեն կենտրոնում:
Ընդ որում, նախ պետք է հասկանալ, թե Երեւանի կենտրոնում ապրողների քանի տոկոսն է այսպես ասած բնիկ երեւանցի, եւ քանիսն են Երեւան եկել տարբեր գյուղերից ու քաղաքներից: Բայց հարցը դա չէ: Ի վերջո, քաղաք հասկացությունը նաեւ հենց դրանով է այդպիսին, որ այն պետք է բաց լինի ներքին ու արտաքին միգրացիայի, հաղորդակցության համար, լինելով նեղ համայնքային արժեմշակութային չափումներից դուրս եւ վեր:
Նաեւ դա է պատճառը, որ գերազանցապես քաղաքներն են լինում պետությունների, հանրությունների արդիականացման օջախները, այն դեպքում, երբ հիմնականում գյուղական բնակավայրերը կամ համեմատաբար փոքր քաղաքներն էլ լինում են ավանդական մշակույթի պահապաններ: Մեծ հաշվով, այդ համադրությամբ էլ պետություններն ու հանրությունները փորձում են ներդաշնակել, համադրել, համատեղել ազգայինն ու արդիական համաշխարհայինը, քայլել աշխարհի հետ, հաճախ անցնել առաջ, չկտրվելով ազգային արմատից:
Հայաստանում սակայն այդ ամենը մշտապես հասցված է եղել քաղքենիության ու գավառականության մի աստիճանի, իսկ մտավորական շերտը, որ գործնականում պետք է լիներ հարցը այդ մակարդակից բարձրացնողն ու պետական շրջանակ բերողը, կատարել է լիովին հակառակ գործառույթ՝ խորացրել է քաղքենի «դիսկուրսը», խորացնելով «տեղական նացիոնալիզմի» պրիմիտիվ մշակույթը, հաճախ այդ ամենը սերտորեն կապակցելով նաեւ քրեական ենթամշակույթի հետ:
Երբ այդ ամենը բակերում է կամ թաղերում, ապա կենցաղի ուղեկցող մաս է, բայց այն դառնում է ընդհուպ պետական անվտանգության խնդիր, երբ բարձրացվում է հասարակական համակեցության մակարդակի: Մտավորականներն ու քաղաքական այսպես կոչված էլիտաները, որ պետք է լինեին դա զսպողը, գործնականում եղել են խթանողն ու գեներացնողը: Հանրությանն այդ մտածողության եւ արժեմշակութային շրջանակում կաղապարելու միջոցով է հնարավոր միայն կառուցել իշխող քրեաօլիգարխիկ համակարգ, պետականի փոխարեն:
Այդ իմաստով, գույքահարկի մասին օրենքի նախաձեռնությունը, մի կողմից բերելով այդ մտածողության «պահապան» հայտնիների հակազդեցությունը, մյուս կողմից կարող է պայթեցնել տարիների այդ արժեմշակութային արատավոր հանգույցներից մեկը՝ «արտոնյալ բնիկության» երեւույթի դեմ հանրային քննադատության համարժեք արձագանքի միջոցով: Դա իհարկե մեծ ճանապարհի մի քայլն է, բայց կարեւոր քայլ: Գույքահարկի օրենքը խթանել է այդ քայլը, եւ մի էֆեկտ այն փաստորեն արդեն իսկ ունի: Մնում է, որ այն էֆեկտիվ լինի նաեւ բուն նշանակության հարցում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»