Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» շարժումը երկրի տնտեսական վիճակի և հեռանկարների փորձագիտական գնահատում է կատարել։ Արդյունքները համադրվել են կառավարության քաղաքական կուրսի, գործողությունների, ծրագրերի և հայտարարությունների հետ։ Եզրակացությունը տխուր է․ իշխանությունների հռչակած հաջողությունները ոչ թե իրական են, այլ վիրտուալ։ «Վարչապետի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել»,- նշում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա խոսքով, ստիպված ենք լճացում արձանագրել արդյունաբերության և գյուղատնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող գրեթե բոլոր ոլորտներում։ «Լուրջ խնդիրներ են առաջացել առողջապահության և սոցիալական համակարգում, հատկապես գյուղական շրջաններում։ Շինարարության ոլորտում ձեռնարկած պոպուլիստական միջոցները շուտով կհանգեցնեն հիփոթեքային ճգնաժամի և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման։ Բազմաթիվ հարցեր են ծագում ազգային ռազմարդյունաբերական համալիրի և Հայաստանի զինված ուժերի վիճակի վերաբերյալ»,- արձանագրում է Արշակ Կարապետյանն ու հավելում, որ պետության անհապաղ միջամտություն են պահանջում պետբյուջե կազմող ոլորտները՝ հանքարդյունաբերությունը, քիմիական և սննդի արդյունաբերությունը, և, իհարկե, գյուղատնտեսությունն ու էներգետիկան: «Դրանք վերականգնելու համար անհրաժեշտ է վերականգնել լուծարված մի շարք նախարարությունների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը, ձևավորել պետական նպատակային ներդրումների փաթեթ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համար՝ հետագայում դրանք ԲԲԸ դարձնելու հեռանկարով»։
Արշակ Կարապետյանի խոսքով՝ պետք է մեղմացնել հարկային քաղաքականությունը։ «Այժմ գործող հարկային օրենքները հանգեցրել են ազգային արտարժույթի ամրապնդմանը և դոլարի դեվալվացիայի, ինչը պայմանավորված է երկրում դոլարի առաջարկի աճով՝ շնորհիվ միգրանտների և վերարտահանումների։ Արդյունքում՝ փոխարժեքն իբր կայուն է, գնաճ չկա, բայց իրականում գներն աճում են արագ տեմպերով»։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը փաստում է՝ չնայած հաղթական հայտարարություններին և տնտեսական շինծու հաջողություններին, պետական արտաքին պարտքը շարունակաբար աճում է՝ գերազանցելով ՀՀ պետբյուջեի կեսը։ Այսինքն՝ յուրաքանչյուրը, սկսած նորածիններից, մինչև տարեցներ, արդեն առնվազն 7 հազար դոլարի չափ պարտք ունի։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան