Եկեղեցու դեմ գրոհը որպես աշխարհաքաղաքական գործարք
Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ զարգացող գործընթացները վաղուց դադարել են լինել զուտ ներքաղաքական կամ իշխանություն–եկեղեցի հարաբերությունների շրջանակում տեղավորվող երևույթ։ Մասնագետների և քաղաքական շրջանակների գնահատմամբ՝ այսօր մենք գործ ունենք շատ ավելի լայն ու վտանգավոր գործընթացի հետ, որը կապված է արտաքին աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների և տարածաշրջանային շահերի հետ։
Այն, ինչ սկզբում ներկայացվում էր որպես կառավարության և եկեղեցու միջև հռետորական հակասություն, կարճ ժամանակում վերածվեց համակարգված ճնշման՝ քրեական գործերի, ձերբակալությունների և հոգևորականության նկատմամբ ուղղված բացահայտ քայլերի։ Սակայն փորձագիտական շրջանակներում շեշտում են, որ իրական նպատակը ընդդիմության լռեցումը չէ միայն։ Խոսքը հայ ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու թուլացման և վերահսկման փորձի մասին է։ Այս գործընթացը դիտարկվում է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից համաձայնեցված ավելի լայն աշխարհաքաղաքական «փաթեթի» մաս։
Գործող սցենարը ներառում է համակցված ճնշում։ Մի կողմից՝ ուղղակի ուժ և իրավապահ համակարգի ներգրավում շինծու քրեական գործերի միջոցով, մյուս կողմից՝ ներքին պառակտման խթանում՝ իշխանություններին լոյալ հոգևորականների միջոցով, որոնք հեռացվել են եկեղեցու կառավարման մարմիններից և այժմ օգտագործվում են որպես ներքին ճնշման գործիք։ Պաշտոնապես պետությունը փորձում է պահպանել ձևական հեռավորություն՝ Էջմիածնում տեղի ունեցողը ներկայացնելով որպես եկեղեցու ներսում առաջացած խնդիր, սակայն իրական գործընթացներն ակնհայտորեն դուրս են ներքին վեճերի տրամաբանությունից։
Հարցը, թե ինչու հենց հիմա, շատերի համար ունի արտաքին քաղաքական պատասխան։ Հայ Առաքելական Եկեղեցին ոչ միայն հոգևոր կառույց է, այլ նաև հայության պատմական հիշողության, ինքնության և դիմադրության խորհրդանիշը։ Դրա թուլացումը լիովին համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ շահերի հետ։ Կաթողիկոսի դեմ ուղղված ներկայիս արշավը ներդաշնակորեն տեղավորվում է վերջին տարիներին արձանագրված ընդհանուր շղթայի մեջ՝ Արցախի հարցի օրակարգից դուրս մղում, «պատմական տրավմաներից» հրաժարվելու մասին թեզերի շրջանառում, սահմանադրական փոփոխությունների նախապատրաստում։ Մասնագետների համոզմամբ՝ Կաթողիկոսին տապալելու փորձերը պայմանավորվածությունների մի մաս են, որոնք իշխանությունը պարտավորվել է իրականացնել մինչև տարեվերջ։
Այս ամենը շատերն արդեն բնութագրում են որպես Անկարայի և Բաքվի հետ հարաբերությունների «խորը կարգավորման» չբարձրաձայնված պայմանների իրականացում։ Ազգը, զրկված լինելով իր հոգևոր միջուկից և պատմական հիշողությունից, դառնում է առավել խոցելի արտաքին ճնշումների, մանիպուլյացիաների և արժեքային վերաձևումների համար։ Այս համատեքստում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները ոչ միայն ներքին խնդիր են, այլ նաև համազգային և նույնիսկ համամարդկային ամոթ։
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղի ունեցածը բնութագրել է որպես հայ ժողովրդի պատմության մեջ աննախադեպ փորձություն՝ ընդգծելով, որ հասարակությունը պատվով կարողացավ հաղթահարել այն։ Նրա խոսքով՝ կարևոր է, որ հետագա զարգացումները ընթանան խաղաղ ճանապարհով և գտնվեն ճիշտ լուծումներ։
Դանիելյանը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր նպաստում են պառակտմանը Հայ Առաքելական Եկեղեցում, հրաժարվել այդ ճանապարհից և դադարեցնել ռեպրեսիվ գործողությունները։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողից բացահայտորեն ուրախանում են Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական ու հոգևոր առաջնորդները։ «Փաշազադեի սիրտը ուրախանում է, Էրդողանի սիրտը ուրախանում է, Ալիևի սիրտը ուրախանում է։ ՀՀ իշխանությունները ամեն ինչ արել են, որպեսզի թշնամիների սրտերը ուրախացնեն», – ընդգծել է պատգամավորը՝ միաժամանակ նշելով, որ ժողովուրդը կազմակերպված կերպով և առանց բախումների կարողացավ կանխել սադրանքները։
Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ հատկապես կարևոր է, որ նրանք, ովքեր ակամայից կամ գիտակցաբար դառնում են իշխանության գործիք, վերադառնան ճիշտ ուղի։ Նա նշել է նաև, որ Էջմիածնում մարդիկ ավտոբուսներով էին տեղափոխվում, այդ թվում՝ սադրիչներ, որոնք, իր խոսքով, նույնպես մեր հասարակության անդամներն են, բայց օգտագործվել էին իրավիճակը սրելու համար։
Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ եկեղեցու դեմ գրոհը միայն հոգևոր կառույցի հարց չէ։ Դա հարված է ազգային ինքնությանը, պատմական հիշողությանը և պետականության հիմքերին։ Եվ որքան էլ փորձ արվի այն ներկայացնել որպես ներքին հակամարտություն, իրականում այն ունի հստակ արտաքին շահառուներ և վտանգավոր հետևանքներ Հայաստանի ապագայի համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել