Արցախի ճգնաժամի դեմ պայքարելու փոխարեն իշխանությունը «ՀայաՔվեի» դեմ է պայքարում. Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ասուլիլսում հայտարարել է, որ Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ ջանքերն ուղղելու փոխարեն իշխանությունը տարբեր միջոցներով «Հայաքվեի» դեմ է պայքարում։
«Գործող իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանն Արցախի հայ ժողովրդի նոր ցեղասպանություն է պատրաստում, միևնույն ժամանակ հայտարարում է, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Սա նման է դասական շիզոֆրենիայի։ Այսինքն` գործող իշխանությունը պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի վերջինս ցեղասպանություն իրականացնի»,– նշել է Չալաբյանը, գրում է Sputnik Արմենիան։
Ըստ նրա` Արցախում ստեղծված հումանիտար ծանր ճգնաժամի պայմաններում «Հայաքվեն» առավել արդիական է դառնում։
Չալաբյանը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում «Հայաքվեի» աշխարհագրությունն ընդարձակվել է։ Երևանի վարչական բոլոր շրջաններում ստորագրահավաքը շարունակվել է, բացառությամբ Նոր Մարաշ և Նուբարաշեն համայնքների, որոնցում մի քանի օրով դադարեցվել է, սակայն շուտով կվերսկսվի։ Մարզերում ևս աշխարհագրությունն ընդլայնվել է արդեն ընդգրկելով 30-ից ավելի համայնքներ։
«Համայնքների զգալի մասում մենք արդեն աշխատել ենք ոչ միայն համայնքային կենտրոններում, այլև գյուղական բնակավայրերում։ Ուրախալի է այն փաստը, որ գյուղերում ակտիվությունը հաճախ ավելի բարձր է, քան խոշոր քաղաքներում։ Կա տարածված կարծրատիպ, թե գյուղերում հիմնականում գործող իշխանությունների աջակիցներն են, սակայն փորձը ցույց է տալիս, որ թերևս բացառությամբ Տավուշի մարզի որոշ գյուղերի, բոլոր մյուս գյուղերում ավելի մեծ ակտիվություն են ցույց տալիս, քան քաղաքներում»,– նշել է Չալաբյանը։
Նա շեշտել է, որ գործող իշխանությունները շարունակում են հակազդել, ընդ որում` նաև անօրինական միջոցներով։ Եթե նախորդ շաբաթ հիմնական գործիքը սադրանքն էր, այս շաբաթ, արդեն, ըստ Չալաբյանի, ահաբեկման տեսքով է հակազդեցությունը եղել։
«Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն ստորագրահավաքին, ահաբեկում են, որ նույնիսկ ստորագրությունները հետ վերցնեն։ Ունենք դեպք, որ հանրային 4 ծառայող եկել են և խնդրել ետ վերցնել իրենց ստորագրությունը, որովհետև սպառնում են իրենց աշխատանքից ազատել»,– հայտնել է նախաձեռնության համակարգողը։
Նա հավելել է, որ դեպքերն արձանագրված են, և դրանց, ամենայն հավանականությամբ, ընթացք կտրվի։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաքվե» նախաձեռնության դիմումը` 50 հազար ստորագրություն հավաքելու և Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Նախաձեռնության անդամները ցանկանում են հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար օրենքով խիստ պատիժ նախատեսել։
Ստորագրահավաքի համար սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027