Կայացել է «Mining Armenia» միջազգային երկօրյա համաժողովը՝ միավորելով ոլորտի առաջատար խոսնակներին
Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված երկօրյա միջազգային համաժողովը՝ «Mining Armenia Forum»-ը, միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցել են առաջատար խոսնակներ ոչ միայն Հայաստանից, այլև Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ղազախստանից: Հանքարդյունաբերության հանդեպ հանրային վստահության վերականգնման, պետություն-մասնագիտական հանրույթ-մասնավոր համագործակցությամբ ոլորտի խնդիրների բարձրաձայնման և լուծման առաջարկների ներկայացման, ինչպես նաև գլոբալ ներդրումային հնարավորությունների քննարկման այս ձևաչափը հավակնում է դառնալ շարունակական։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը համաժողովի բացման իր ելույթում նշել է, որ Հայաստանը որդեգրել է կայուն զարգացման քաղաքականություն, որի խնդիրն է ապահովել հավասարակշռված տնտեսական զարգացում։ «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն մեր երկրի արդյունաբերության և արտահանման կարևորագույն ուղղություններից մեկն է: Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ Այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն քննարկելու և վեր հանելու Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները, այլ նաև կայուն, նորարար տեսլական ձևավորելու համար»,-ընդգծել է նախարարը:
«Ժամանակակից հանքարդյունաբերություն․ մարտահրավերներ և հնարավորություններ․ Հայաստանի հեռանկարները գլոբալ տնտեսական համատեքստում» խորագրով համաժողովի կազմակերպիչը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունն էր, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)։
«Հայաստանի տնտեսության համար հանքարդյունաբերությունը առաջմղիչ և հեռանկարային ուղղություն է, և մեր երկիրն ունի զարգացման, ներդրումների ներգրավման, ոլորտի արդիականացման չիրացված մեծ ներուժ։ Միավորելով ոլորտի տեղական և միջազգային փորձագիտական միտքը՝ մենք ցանկանում ենք լուծումներ առաջարկել Հայաստանում կայուն և նվազագույն ռիսկերով հանքարդյունաբերական գործունեություն ծավալելու համար»,-ասել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
Համաժողովին անդրադարձ է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը։ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ներկայացրել է ոլորտի զարգացման տեսլականը՝ տնտեսության մեջ պղնձի դերի համատեքստում։
«Այսօր նավթ և գազ չունեցող երկրները, ինչպես օրինակ Հայաստանը, մրցակցային հնարավորություն են ստացել, որ նախկինում չեն ունեցել։ Հանքարդյունաբերության զարգացումն այլընտրանք չունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, քանի որ մաքուր տեխնոլոգիաներին անցումը պահանջում է ավելի մեծ ծավալի հանքարդյունաբերական նյութերի արդյունահանում։ Մինչև 2050 թվականը էլեկտրական մեքենաներով հագեցվածության գլոբալ նպատակին հասնելու համար տարբեր հաշվարկներով անհրաժեշտ կլինի 80 տոկոսով ավելացնել պղնձի համաշխարհային արտադրությունը», - նշել է Ռոման Խուդոլին` ավելացնելով, որ ԶՊՄԿ-ն համաժողովին աջակցում է ոլորտի միջազգային լավագույն փորձն ու նորագույն զարգացումները Հայաստան բերելու և կիրառելու նպատակով:

«Mining Armenia Forum»-ի շրջանակում տեղի է ունեցել նաև եռակողմ հուշագրի ստորագրություն ԶՊՄԿ-ի, ԵՊՀ-ի և ՀՀ ՏԿԵ նախարարության միջև, որով կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Միջոցառմանն աջակցել են նաև Հայաստանի հանքարդյունաբերական միջազգային պալատը, «Գրանթ Թորնթոն Հայաստան» աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը, «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերությունը և «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական և խորհրդատվական ընկերությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան