Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի Չինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսները
2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը Երկու տանկեր իրանական երթուղով անցել է Հորմուզի նեղուցը և ուղևորվել դեպի Չինաստան և Պակիստան300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԵրևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիներ․ Փաշինյանը՝ լավագույնը, ինչ պատահել է քոչվոր ժողովրդինՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է ԱվանումԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ Կարապետյան
Մամուլի տեսություն

Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի դեկտեմբերի 4-ին ԱՄՆ-ում հրապարակվեց Թրամփի վարչակազմի նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ոչ միայն նշանավորում է ամերիկյան ռազմաքաղաքական մտածողության հերթական շրջադարձը, այլև հստակ արտացոլում է ժամանակակից աշխարհաքաղաքական դինամիկան և գլոբալ հարթակում Վաշինգտոնի դերի ու առաջնահերթությունների վերաիմաստավորումը։

Այս ռազմավարության հիմքում դրված է «America First» սկզբունքը, որն այս անգամ դրսևորվում է առավել համակարգված, կանխատեսելի և գործնական մեխանիզմներով։ Նոր փաստաթուղթը առանձնանում է իր ընդգծված շեշտադրումների, արտաքին քաղաքականության կառուցվածքային ուղղությունների, տարածաշրջանային գերակայությունների և աշխարհաքաղաքական մրցակցության նոր տրամաբանության ձևակերպմամբ։

Նախևառաջ, ռազմավարության առանցքում դրված է ամերիկյան ռազմական գերազանցության, տնտեսական գերակայության և Արևմտյան կիսագնդում անվիճելի ազդեցության վերականգնման ու պահպանման խնդիրները։ Թրամփի վարչակազմն այս անգամ հիմնարար կարևորություն է տալիս ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային զսպման ուժի զարգացմանը, նոր սերնդի հրթիռային պաշտպանական համակարգերի ստեղծմանը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթի» (Golden Dome) համակարգի գաղափարի առաջմղմանը, որը պետք է ապահովի երկրի լիարժեք պաշտպանությունը ժամանակակից սպառնալիքներից՝ ներառյալ հրթիռային և անօդաչու համակարգերից։ Այս մոտեցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստ է տեխնոլոգիական թռիչքի և ռազմական ինովացիաների դարաշրջանի՝ միաժամանակ վերաիմաստավորելով իր ավանդական դաշնակցային համակարգերի դերը՝ առավելապես շեշտելով սեփական ինքնաբավությունն ու գերակայությունը։

Տնտեսական քաղաքականության ոլորտում ռազմավարությունն ամրապնդում է հարկային նվազեցումների, ապակարգավորումների և առաջավոր տեխնոլոգիաների՝ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, էներգետիկ նորարարությունների, կենսատեխնոլոգիաների խթանման միջոցով ԱՄՆ-ի մրցակցային առավելության պահպանումը։

Ռազմավարության մեջ կենտրոնական է ամերիկյան բարեկեցության ու տնտեսական անվտանգության բազայի ամրապնդումը՝ որպես ռազմական և դիվանագիտական լծակների արդյունավետ կիրառման նախապայման։ Նոր ռազմավարությունը շեշտում է, որ ԱՄՆ-ը չի կարող ապահովել արտաքին անվտանգություն՝ առանց տնտեսական ինքնաբավության, գլոբալ մատակարարման շղթաներում գերիշխող դիրքի և ներդրումային ներգրավվածության նոր մակարդակի։ 2030 թվականը ռազմավարության մեջ նշվում է որպես նպատակային կետ՝ ամերիկյան երկարաժամկետ տնտեսական կենսունակության համար, որտեղ առկա է տնտեսական քաղաքականության ու անվտանգության անքակտելի կապը։

Տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից փաստաթուղթը արմատապես վերաֆորմատավորում է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ուշադրության առանցքները։

Արևմտյան կիսագնդում ամերիկյան գերակայության վերականգնումը հիմնավորվում է Մոնրոյի դոկտրինի սկզբունքներով՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը վճռական է նորից դառնալ տարածաշրջանի անժխտելի առաջնորդը։ Այստեղ շեշտը դրվում է նավատորմի և ծովային անվտանգության ուժերի դերի մեծացման, դաշնակից կառավարությունների աջակցման և Արևմտյան կիսագնդի ռեգիոնալ անվտանգության համակարգերի վերակենդանացման վրա։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առումով նոր ռազմավարությունը ճանաչում է տարածաշրջանի աճող նշանակությունը, սակայն զգալիորեն տարբերվում է նախորդ տարիների մոտեցումներից։ Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը կառուցված է տնտեսության առաջնահերթության, փոխշահավետ առևտրի, փոխադարձության և երկարաժամկետ տնտեսական մրցակցության վրա՝ խուսափելով բացահայտ «թշնամու» պիտակավորումից։ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները դիտարկվում են ոչ թե որպես գաղափարախոսական կամ անմիջական ռազմական հակամարտության հարթակ, այլ ավելի շատ տնտեսական, տեխնոլոգիական մրցակցության հարթությունում։ Մյուս կողմից՝ տարածաշրջանային անվտանգության հարցերում շեշտը դրվում է Թայվանի շուրջ դաշնակիցների՝ հատկապես Հնդկաստանի հետ համագործակցության զարգացման վրա, բայց առանց Չինաստանի հետ ուղիղ ռազմական բախման նախադրյալների ստեղծման։ Այս մոտեցումը տարբերվում է նախորդ ռազմավարություններից, որոնք հաճախ Չինաստանին ներկայացնում էին որպես առանցքային ռազմավարական սպառնալիք, իսկ այժմ առաջնահերթությունը տրվում է տնտեսական ոլորտում մրցակցության կարգավորմանը։

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված քաղաքականության մեջ ռազմավարությունը ընդգծում է, որ Ուկրաինայի ճգնաժամի լուծումը կարևոր է ԱՄՆ շահերի համար, սակայն այս հարցում Թրամփի վարչակազմը առավել կոշտ քննադատություն է ուղղում եվրոպացի դաշնակիցների հասցեին, քան Ռուսաստանի։ Միացյալ Նահանգներն ընդգծում է, որ ձգտում է բանակցային ճանապարհով արագ լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա լարվածությունը։ Ամերիկյան կողմը նախանշում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու իր պատրաստակամությունը՝ թերևս փորձելով թույլ չտալ, որ Ռուսաստանը նետվի Չինաստանի «գիրկը»։

Միաժամանակ, ստեղծվում է այն տպավորությունը, որ ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել իր անմիջական ներգրավվածությունը եվրոպական անվտանգության հարցերում՝ պատասխանատվության ավելի մեծ մասը դնելով դաշնակիցների վրա և պահանջելով իրական բեռի բաշխում։ Սա դրսևորվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ծախսերի ավելացման մասին պահանջներով, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության երաշխավորի ավանդական դերի որոշակի վերանայումով։

Նոր ռազմավարության կարևորագույն տարրը դաշնակիցների և միջազգային գործընկերների հետ հարաբերությունների վերաիմաստավորումն է։ Այստեղ ամերիկյան աջակցությունը պայմանավորվում է բեռի համաչափ բաշխման, արտահանման վերահսկողության և նպատակային խթանների տրամադրման սկզբունքներով, այլ ոչ թե լայնածավալ և անվերապահ պարտավորություններով։ Սրանով Թրամփի վարչակազմը ակնհայտորեն փորձում է նվազեցնել ԱՄՆ-ի վրա ընկնող ֆինանսական և ռազմական բեռը, խրախուսել դաշնակիցներին ավելի ակտիվ մասնակցություն ու պատասխանատվություն ստանձնել՝ միաժամանակ ամրապնդելով ամերիկյան ազգային շահերի գերակայությունը։

Սա զգալիորեն տարբերվում է նախորդ վարչակազմերի բազմակողմ և գլոբալ պարտավորություններին կողմնակից մոտեցումներից, որտեղ ԱՄՆ-ը հաճախ հանդես էր գալիս որպես միջազգային անվտանգության համակարգի առանցքային հովանավոր։ Այսպիսով, Վաշինգտոնը կարծես թե հրաժարվում է «համաշխարհային ոստիկանի» իր դերակատարությունից՝ փորձելով նվազեցնել իր ներգրավվածությունն այլ տարածաշրջաններում։

Անվտանգության ոլորտում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում միջուկային զսպման քաղաքականությանն ու նորագույն պաշտպանական տեխնոլոգիաների ներդրմանը։ ԱՄՆ-ը շեշտադրում է, որ իր միջուկային և հրթիռային պաշտպանական կարողությունները պետք է շարունակաբար արդիականացվեն, որպեսզի մնան աշխարհում աննախադեպ։ «Ոսկե գմբեթի» ծրագիրը, որին առանձին հատված է հատկացված ռազմավարությունում, ենթադրում է հզորացված հակահրթիռային պաշտպանություն՝ նորագույն ռադարների, արհեստական բանականության և ավիացիոն միջոցների համադրմամբ, որը պետք է ԱՄՆ-ին դարձնի բեկումնային պաշտպանական համակարգերի առաջատար։

Սոցիալական և ներպետական անվտանգության տեսանկյունից ռազմավարությունը ամրապնդում է սահմանների վերահսկողության, թմրանյութերի դեմ պայքարի և ներգաղթի վիճակագրության խստացման առաջնահերթությունները՝ մասնավորապես Արևմտյան կիսագնդում։ Սա միտված է ամերիկյան հասարակության համախմբմանը և ներքին անվտանգության ամրապնդմանը՝ հաշվի առնելով, որ ժամանակակից սպառնալիքները հաճախ չեն ճանաչում սահմաններ և պահանջում են նորարարական, ինտեգրացված պատասխաններ։

Տեխնոլոգիական գերազանցությունը ևս ռազմավարության առանցքային տարրերից է։ ԱՄՆ-ը նպատակ ունի առաջատար մնալ արհեստական բանականության, կիսահաղորդիչների, կենսատեխնոլոգիաների և էներգետիկ նորարարությունների ոլորտներում՝ ինչպես պետական ներդրումներով, այնպես էլ մասնավոր հատվածի խրախուսմամբ։

Թրամփի վարչակազմը շեշտում է, որ տեխնոլոգիական գերակայությունը ոչ միայն տնտեսական, այլև ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչ է, ինչը ենթադրում է արտահանման վերահսկողության խստացում, ռազմավարական ոլորտներում ինքնաբավություն և միջազգային չափորոշիչների ձևավորման գործընթացում ամերիկյան դիրքերի ուժեղացում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում