Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»
Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Կարո՞ղ ենք փրկել արցախյան բարբառը. Տիգրան Դումիկյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր Ավետիսյան«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»

Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի Հանրապետությունում սոցիալտնտեսական իրականության ամենացավոտ և խորքային հիմնախնդիրներից մեկը շարունակում է մնալ ավագ սերնդի կենսամակարդակի և պետության կողմից երաշխավորվող սոցիալական ապահովության միջև առկա ահռելի անդունդը, որն առավել ցցուն է դառնում նվազագույն սպառողական զամբյուղի և կենսաթոշակների չափերի համադրման պարագայում։

 Վերջին վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թոշակառուների համար նվազագույն սպառողական զամբյուղը բացարձակ մատչելի չէ, քանի որ դրա ամսական արժեքը հասել է 85,1 հազար դրամի՝ ամսական ընդամենը 46 հազար դրամ նվազագույն կենսաթոշակի դիմաց։ Այս երկու թվի պարզ համեմատությունը բացահայտում է մի դաժան իրողություն, որտեղ պետության կողմից սահմանված նվազագույն կենսաթոշակը գրեթե երկու անգամ զիջում է այն գումարին, որը պաշտոնական հաշվարկներով անհրաժեշտ է մարդու կենսաբանական գոյության և նվազագույն սոցիալական պահանջմունքների բավարարման համար։ Փաստորեն, կենսաթոշակառուների համար կենսականորեն անհրաժեշտ գնումները, որոնք այդ տարիքային խմբում հիմնականում կենտրոնացած են սննդի և բժշկական ծառայությունների շուրջ, անհրաժեշտից գրեթե երկու անգամ ավելի քիչ ֆինանսական միջոցներ ունենալու պայմաններում վերածվում են անհաղթահարելի խնդրի։

Սա ընդամենը վիճակագրական անհամապատասխանություն չէ, այլ սոցիալական ճգնաժամի ուղղակի արտացոլում, երբ տասնամյակներ շարունակ աշխատած և պետության կայացմանը նպաստած քաղաքացին իր կյանքի մայրամուտին հայտնվում է ֆինանսական անելանելիության մեջ՝ զրկված լինելով նույնիսկ պաշտոնապես նվազագույն համարվող շեմին հասնելու հնարավորությունից։

Իրավիճակի ողջ դրամատիզմն առավել խորությամբ է բացահայտվում, երբ ընդհանուր սպառողական զամբյուղից առանձնացնում ենք զուտ պարենային բաղադրիչը, որի ամսական արժեքը հասել է 46 հազար դրամի։ Այս թվաբանական համընկնումը՝ 46 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ և 46 հազար դրամ պարենային զամբյուղ, նշանակում է, որ եթե թոշակառուն փորձի սնվել պաշտոնապես սահմանված նվազագույն նորմերին համապատասխան, ապա ամսվա առաջին իսկ օրվանից նրա ամբողջ կենսաթոշակը մինչև վերջին լուման պետք է ուղղվի բացառապես սննդի ձեռքբերմանը։ Մինչդեռ տարեց մարդու կյանքը չի սահմանափակվում միայն կալորիաների ընդունմամբ. տարիքի հետ անխուսափելիորեն աճում են առողջական խնդիրները, խրոնիկ հիվանդությունների սրացումները և մշտական դեղորայքային պահպանման կարիքը։ Դեռ չենք խոսում կոմունալների մասին:

Հետևաբար, երբ միայն պարենային զամբյուղը կազմում է 46 հազար դրամ, թոշակառուները բուժծառայությունների և դեղորայքի համար գումար խնայելու նպատակով այժմ ստիպված են լինում հետևել խիստ սննդակարգի՝ բառիս բուն իմաստով կրճատելով իրենց օրաբաժինը։ Այս հարկադրված «դիետան» ոչ թե առողջ ապրելակերպի ընտրություն է, այլ սովի և թերսնման սահմանագծին գտնվող ինքնասահմանափակում, երբ տարեց մարդը կանգնում է անմարդկային երկընտրանքի առաջ՝ գնել, օրինակ՝ արյան ճնշման կամ սրտանոթային համակարգի համար կենսական դեղահաբը, թե ապահովել օրվա տարրական սնունդը։

 Այս համատեքստում հատկապես ուշագրավ է այն, ինչը հանրային և փորձագիտական դաշտում դիպուկ կերպով բնորոշվում է որպես «զվարճալի վիճակագրություն», թեև իրականում այն պարունակում է խորապես տագնապալի ցուցանիշներ։ Ընդհանուր առմամբ, նվազագույն սպառողական զամբյուղի և, մասնավորապես, պարենային զամբյուղի վերաբերյալ պաշտոնական հաշվարկները փաստում են, որ 2026 թվականի երրորդ եռամսյակում՝ միջին ընթացիկ գներով հաշվարկված, տարեկան պարենային զամբյուղի արժեքը կազմում է 552 հազար դրամ, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը գերազանցում է 1 միլիոն դրամի սահմանագիծը։ Մեկ միլիոն դրամը գերազանցող տարեկան սպառողական զամբյուղը հոգեբանական և տնտեսական լուրջ շեմ է, որը ցույց է տալիս, թե գնաճային գործընթացների արդյունքում որքան է թանկացել ապրուստը Հայաստանում։

Մինչդեռ 46 հազար դրամ նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացու տարեկան եկամուտը կազմում է ուղիղ 552 հազար դրամ, ինչը ճշգրտորեն հավասար է միայն տարեկան պարենային զամբյուղի արժեքին և գրեթե կես միլիոն դրամով պակաս է ընդհանուր սպառողական զամբյուղից։ Այսինքն, վիճակագրությունը սառնասրտորեն արձանագրում է, որ նվազագույն թոշակ ստացող անձը տարվա կտրվածքով ունի ուղիղ 469 հազար դրամի դեֆիցիտ՝ պարզապես նվազագույն կենսապայմաններն ապահովելու համար։

Պարենային զամբյուղի ներքին կառուցվածքի մանրամասն վերլուծությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես է ձևավորվում բնակչության մեկ շնչի հաշվով տարեկան նորմ համարվող այդ 552 հազար դրամը, և որ ապրանքատեսակներն են առավել մեծ ֆինանսական բեռ առաջացնում սպառողի համար։ Վիճակագրական բացվածքի համաձայն, սննդամթերքի ծախսերի առյուծի բաժինը ընկնում է մսամթերքին, ընդ որում՝ առավելապես տավարի մսին, որի համար նախատեսված է տարեկան ավելի քան 166,3 հազար դրամ։

Սա կազմում է ամբողջ պարենային զամբյուղի արժեքի շուրջ երեսուն տոկոսը, ինչը նշանակում է, որ մսամթերքը թոշակառուի սեղանի ամենաթանկարժեք և, միևնույն ժամանակ, առաջինը կրճատման ենթակա բաղադրիչն է։ Ծախսային կառուցվածքում երկրորդ տեղում հացն է՝ տարեկան 61,4 հազար դրամ արժեքով, որին անմիջապես հաջորդում են միրգը (որի հաշվարկում գերակշռում է առավելապես խնձորը)՝ 58,1 հազար դրամով, և կարագը՝ 44,4 հազար դրամով։ Այս չորս հիմնական ուղղությունները միասին արդեն իսկ կլանում են տարեկան պարենային բյուջեի ավելի քան կեսը՝ շուրջ 330,2 հազար դրամը, ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենասովորական սննդամթերքի գները շուկայում հասել են այնպիսի մակարդակի, երբ լիարժեք սնվելը դառնում է ֆինանսապես անհասանելի։

Շարունակելով պարենային զամբյուղի դետալային ուսումնասիրությունը՝ տեսնում ենք, որ կենսական նշանակության մյուս մթերքները ևս զգալի կշիռ ունեն տարեկան ծախսերում։ Մասնավորապես, կաթի համար տարեկան նախատեսվում է 33,9 հազար դրամ, ձկնեղենի համար՝ 32,3 հազար դրամ, իսկ բանջարեղենի համար, որտեղ հաշվարկը կառուցված է գերազանցապես ամենաէժան և տարածված տեսակների՝ կաղամբի և գլուխ սոխի վրա, պահանջվում է տարեկան 27,2 հազար դրամ։ Հայկական ավանդական սննդակարգի անբաժանելի մաս կազմող պանրի տարեկան նորմը գնահատվում է 24,4 հազար դրամ, իսկ «երկրորդ հաց» համարվող կարտոֆիլինը՝ 22,4 հազար դրամ։ Ավելի համեստ, բայց ընտանեկան բյուջեի համար շոշափելի գումարներ են հատկացվում ձավարեղենին (առավելապես բրնձին)՝ 16,9 հազար դրամ, ձվին՝ 16,6 հազար դրամ, կաթնաշոռին՝ 11,8 հազար դրամ, և ընդեղենին (առավելապես լոբուն)՝ 11,5 հազար դրամ։ Զամբյուղի ամենացածր ծախսային հատվածում են հայտնվել այն ապրանքները, որոնք թեև էժան են կամ սպառվում են փոքր չափաբաժիններով, սակայն անհրաժեշտ են ամենօրյա կենցաղում. շաքարի վրա տարեկան հաշվարկվում է ընդամենը 6,5 հազար դրամ, բուսական յուղի վրա՝ 6,4 հազար դրամ, մարգարինի վրա՝ 4,4 հազար դրամ, մակարոնեղենի վրա՝ 4,3 հազար դրամ, ալ յուրի վրա՝ 3,2 հազար դրամ։

Այս թվերի համադրությունը բացահայտում է մի կարևոր օրինաչափություն. երբ թոշակառուն ստիպված է լինում իր 46 հազար դրամից գումար տնտեսել կոմունալ վճարների և դեղորայքի համար, նա, բնականաբար, հրաժարվում է զամբյուղի վերին հատվածում գտնվող թանկարժեք սպիտակուցային և վիտամինային սննդից՝ տավարի մսից, ձկից, կարագից, պանրից ու մրգերից, և իր սպառումը կենտրոնացնում է ստորին հատվածի էժան ածխաջրերի ու բուսական ճարպերի՝ հացի, կարտոֆիլի, մակարոնի և մարգարինի վրա։

Սննդամթերքի ֆինանսական արժեքի և ֆիզիկական սպառման ծավալների հարաբերակցությունն էլ ավելի խորն է դարձնում խնդրի էությունը, հատկապես երբ դիտարկում ենք սննդային էներգետիկ արժեքի՝ կալորիականության բաշխվածությունը։

Մեկ շնչի հաշվով տարեկան սպառված ֆիզիկական նորմը մեծապես տատանվում է և ծավալային առումով կենտրոնանում է այնպիսի սննդամթերքների վրա, ինչպիսիք են ձուն, բանջարեղենը, հացը, կարտոֆիլը, կաթը և մրգերը, մինչդեռ ֆիզիկական քաշով շատ ավելի քիչ են սպառվում տավարի միսը, բրինձը, շաքարավազը և ձուկը։ Այս կառուցվածքի արդյունքում ձևավորվում է օրական 2412,1 կիլոկալորիա էներգետիկ արժեք ունեցող սննդակարգ, որի ներքին բաշխվածությունը խոսում է սննդային լուրջ անհավասարակշռության մասին։ Հաշվարկված օրական 2412,1 կիլոկալորիայից ամենից շատ էներգիա մարդը ստանում է բացառապես հացից՝ 622,5 կիլոկալորիա, ինչը կազմում է օրական ամբողջ էներգետիկ պահանջի ավելի քան մեկ քառորդը։ Համեմատության համար՝ սննդային արժեքով անհամեմատ կարևոր կամ այլ հիմնական մթերքներից՝ տավարի մսից, շաքարից, բուսական յուղից, բրնձից, կարտոֆիլից, կարագից և կաթից մարդը ստանում է շատ ավելի քիչ էներգիա՝ 203-ից մինչև 122 կիլոկալորիայի սահմաններում։ Ավելի մտահոգիչ է այն փաստը, որ միկրոէլեմենտներով ու վիտամիններով հարուստ մրգերից և բանջարեղենից ստացվող էներգիան չափազանց քիչ է՝ ընդամենը 96-ից 87 կիլոկալորիա, իսկ օմեգա ճարպաթթուներով և ֆոսֆորով հարուստ ձկնեղենից՝ նույնիսկ ավելի քիչ՝ ընդամենը 44,4 կիլոկալորիա։

 Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ պաշտոնական նվազագույն զամբյուղի մակարդակում հայաստանցու, հատկապես սոցիալապես անապահով թոշակառուի սննդակարգը կրում է ընդգծված «հացային» բնույթ, ինչը մեծ տարիքում հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների, շաքարային դիաբետի բարդացումների, իմունիտետի անկման և սրտանոթային հիվանդությունների խորացման, որոնք էլ իրենց հերթին կրկին պահանջում են լրացուցիչ դեղորայքային ծախսեր՝ փակելով աղքատության և հիվանդության արատավոր շրջանակը։

Տնտեսական դինամիկան և գնաճի քայքայիչ ազդեցությունը առավել տեսանելի են դառնում ժամանակային համեմատության մեջ, երբ 2026 թվականի երրորդ եռամսյակի ցուցանիշները համադրում ենք նախորդ տարվա՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների հետ։ Հարկ է արձանագրել, որ 2025 թվականի նույն ժամանակահատվածում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը զգալիորեն ավելի ցածր էր և կազմում էր տարեկան 939,5 հազար դրամ, իսկ պարենային զամբյուղը շատ ավելի էժան էր՝ տարեկան 507,8 հազար դրամ։ Ամսական կտրվածքով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն այն ժամանակ կազմում էր 78,3 հազար դրամ, որից պարենային զամբյուղին բաժին էր ընկնում ամսական 42,3 հազար դրամը։ Այս թվերի պարզ համադրությունը ցույց է տալիս, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում տարեկան պարենային զամբյուղը թանկացել է 44,2 հազար դրամով, իսկ ընդհանուր սպառողական զամբյուղը՝ ավելի քան 81 հազար դրամով, ինչը ամսական կտրվածքով նշանակում է պարենային զամբյուղի թանկացում 3,7 հազար դրամով, իսկ ընդհանուր սպառողական զամբյուղի աճ՝ 6,8 հազար դրամով։

Ինչպես տեսնում ենք, ընդամենը մեկ տարի առաջ ամսական 42,3 հազար դրամ կազմող պարենային զամբյուղը դեռևս տեսականորեն հասանելի էր նույն 46 հազար դրամ կենսաթոշակ ունեցող թոշակառուների համար, և սննդի նվազագույն պահանջները հոգալուց հետո նրանց մոտ նույնիսկ մի փոքր գումար՝ շուրջ 3,7 հազար դրամ, տեսականորեն, մնում էր այլ ծախսերի համար։ Իհարկե, այդ մնացորդը ևս չնչին էր, սակայն 2026 թվականի երրորդ եռամսյակում այդ երկու ցուցանիշները՝ կենսաթոշակն ու պարենային զամբյուղը, հավասարվելով 46 հազար դրամի շեմին, թոշակառուներին այլևս ոչ մի ընտրություն չեն թողել նույնիսկ նորմալ սնվելու համար, էլ ուր մնաց, օրինակ՝ բուժծառայությունների ու դեղորայքի ծախսերը հոգալը։

Այս իրավիճակում անտեսված է մնում նաև սպառողական զամբյուղի ոչ պարենային հատվածը, որը 85,1 հազար դրամ ընդհանուր արժեքի մեջ կազմում է ամսական 39,1 հազար դրամ։ Այդ գումարի մեջ են մտնում կոմունալ ծառայությունները՝ էլեկտրաէներգիայի, բնական գազի, խմելու ջրի վճարները, որոնք հատկապես ձմռան ամիսներին կտրուկ աճում են, ինչպես նաև առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաները, հագուստի ու կոշիկի մաշվածության փոխհատուցումը, տրանսպորտային ծախսերը և բժշկական սպասարկումը։ Երբ թոշակառուն ստանում է 46 հազար դրամ, որը ամբողջությամբ ծածկում է միայն սննդի տեսական արժեքը, ստացվում է, որ ոչ պարենային ապրանքների և ծառայությունների համար պետական կենսաթոշակով նախատեսված է զրո դրամ։ Սակայն իրական կյանքում տարեց քաղաքացիները, որպես կանոն, լինելով ամենապարտաճանաչ վճարողները, թոշակը ստանալուն պես առաջնահերթ վճարում են կոմունալ վարձավճարները և գնում ամենաանհրաժեշտ դեղամիջոցները, որից հետո սննդի համար նրանց ձեռքին մնում է պարենային զամբյուղի արժեքից երկու կամ նույնիսկ երեք անգամ պակաս գումար։

Արդյունքում, վերլուծելով ստեղծված սոցիալտնտեսական պատկերը, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում կենսաթոշակային համակարգը ներկայիս չափերով չի կատարում իր հիմնարար սահմանադրական և սոցիալական առաքելությունը՝ ապահովել տարեց քաղաքացու արժանապատիվ կյանքը։ Եվ ստացվում է, որ ներկայիս գնային պայմաններում միայն աշխատող թոշակառուները, որոնք կենսաթոշակին զուգահեռ ստանում են նաև աշխատավարձ և ստիպված են անգամ պատկառելի տարիքում շարունակել աշխատանքային գործունեությունը, կարող են իրենց թույլ տալ նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք ծախսեր։ Մինչդեռ չաշխատող թոշակառուները, որոնք կազմում են այդ խոցելի խմբի բացարձակ մեծամասնությունը, զրկված են ինքնաբավ գոյության հնարավորությունից և ստիպված են ամբողջությամբ ապավինել իրենց զավակների, հարազատների կամ արտերկրում բնակվող բարեկամների ֆինանսական աջակցությանը։

Այն միայնակ տարեցները, որոնք չունեն նման աջակցող սոցիալական ցանց, պարզապես դատապարտված են ծայրահեղ զրկանքների, քանի որ 85,1 հազար դրամ սպառողական զամբյուղի պայմաններում 46 հազար դրամով ապրելը տնտեսագիտական հաշվարկներից դուրս գտնվող գոյապայքար է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում