ԱԳՆ-ի հայտարարությունը
Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների: Իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90.000 մարդ, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Այս մարդիկ ստիպված են եղել թողնել իրենց տունն ու սերունդների կողմից կուտակված ունեցվածքը՝ զանգվածային ոճրագործություններից փրկվելու համար: Տեղահանվածների զգալի մասը, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից, այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանցից շատերը կրկնակի տեղահանվածներ են, որոնք բռնի տեղահանվել էին 1990-ական թթ․ Արցախի ժողովրդի դեմ ագրեսիայի արդյունքում ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո անցած և էթնիկ զտումների ենթարկված բնակավայրերից:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսում գտնվող գյուղերից տեղահանված հայերին, որոնց մեծ մասը բնակություն էին հաստատել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներում։ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայի ժամանակ այս մարդիկ կրկնակի են դարձել փախստական` առերեսվելով ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքներին։ Չի իրականացվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:
Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ:
Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից։ Հայաստանը բազմիցս է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հակամարտային գոտիներում բնակվող ազգաբնակչության խոցելիության հանգամանքի վրա՝ կոչ անելով ապահովել վերջիններիս պաշտպանվածությունը միջազգային իրավունքի, առաջին հերթին` մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքի հիման վրա:
Դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը: Մարդասիրական ծրագրերի իրականացումը, ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հրատապ հումանիտար օժանդակության ցուցաբերումը պետք է իրականացվեն անկախ որևէ հանգամանքից, այդ թվում` տարածքի կարգավիճակից:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան