Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ, որում բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ:
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը:
«2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։
Բռնի անհետացումների զոհերը փաստացի զրկված են բոլոր իրավունքներից՝ ազատության, անձի անվտանգության, ինքնության, արդար դատավարության: Ցավոք, շատ դեպքերում նրանք զրկվում են նաև կյանքի իրավունքից:
Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ կրկին բարձրաձայնել և մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ:
Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։
Մինչդեռ, ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները:
Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են: Այս առումով հիշարժան է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստան և Արցախ կատարած այցի արդյունքում հրապարակված զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների որակումը՝ որպես պատերազմական հանցագործություն:
Գնահատելի է բազմաթիվ այլ իրավապաշտպան կազմակերպությունների, ներառյալ՝ Freedom House-ի կողմից խնդրին անդրադարձը, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների, Սլովակիայի, Իտալիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարաններին, բազմաթիվ պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան հոգևորականներին, տասնյակ իրավապաշտպաններին, մարդու իրավունքների ջատագովներին, աշխարհահռչակ մշակութային և արվեստի գործիչներին, խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք, պայքարելով մարդու կյանքի իրավունքի և արժանապատվության հարգման բարձրագույն արժեքների համար, իրենց հայտարարությունների, կոչերի, ընդունված բանաձևերի, ելույթների և հորդորների միջոցով բարձրաձայնում են հայ գերիների խնդիրը և պահանջում վերջիններիս անհապաղ ազատ արձակումն ու հայրենադարձումը:
Հետևելով օրվա խորհրդին՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Տարեցտարի բուհ ընդունվողների թիվը զգալի նվազում է, ինչը վկայում է կրթության ցածր որակի մասին. Ատոմ Մ...
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան