Գործատուն կտուգանվի, բայց չի կարող չպատվաստված ու թեսթի արդյունք չներկայացրած աշխատողին գործից ազատել
Հոկտեմբերի 1-ից աշխատանքի ներկայացող քաղաքացիները պետք է կամ պատվաստված լինեն կամ 14 օրը մեկ ներկայացնեն կորոնավիրուսի դեմ թեսթի արդյունքները: Այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում եւս մեկ անգամ հիշեցրեց առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նա ասաց, որ հանրապետությունում համաճարակային իրավիճակը մնում է լարված: ԱՆ մասնագետի խոսքով, վերջին 14 օրվա դեպքերը համեմատելով նախորդ 14 օրվա դեպքերի թվի հետ՝ պարզ է դառնում, որ ունենք 18 տոկոսով աճ: Ասաց նաեւ, որ եթե չձեռնարկենք միջոցառումներ՝ առաջիկա 7 օրերի ընթացքում կունենանք 5930 նոր դեպք. «Այս դեպքերից 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ 3 տոկոսը կունենա ինտենսիվ թերապիայի կարիք»: Ռոմելլա Աբովյանն ասաց, որ սահմանափակումները նոր դեպքերը կանխելու, հակահամաճարակային իրավիճակը մեղմելու նպատակով են եւ արդեն նկատվում է պատվաստվել ցանկացողների թվի աճ: Վիրուսի տարածումն, ըստ տիկին Աբովյանի, առաջացնում է առողջապահական եւ տնտեսական ծանր բեռ:
Եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվել եւ ոչ էլ թեսթի արդյունքներ է ներկայացնում, ապա, ըստ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի, այդ մասին կպարզի տեսչական մարմինը՝ ստուգայցերի միջոցով: Առաջին հերթին վերահսկող մարմինը կայցելի այն հիմնարկները, որտեղ կարձանագրվեն կորոնավիրուսի 3 եւ ավելի դեպքեր, բացի այդ՝ կընտրվեն մարդաշատ վայրերը, մասնավորապես՝ առեւտրի կենտրոնները. «Դա չի նշանակում, որ մյուս տնտեսվարողների մոտ ստուգայցեր չեն իրականացվելու: Ստուգայցերը կլինեն պատահական եւ որեւէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուին պետք է այցելեն: Կստուգեն 17-Ն հրամանի բոլոր պահանջները եւ որեւէ պահանջի խախտման դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի»: Ըստ Աննա Հարությունյանի, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ կկազմի 10-20 հազար դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 հազար դրամ: Եթե տվյալ գործատուի մոտ խախտումները շատ լինեն, ապա տեսչական մարմինը կարող է շաբաթվա ընթացքում կրկին այցելել նույն տնտեսվարողին՝ պարզելու համար որքանով են վերացվել դրանք: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով, եթե խնդիրը դիտարկենք աշխատանքի օրենսդրության համատեքստում, ապա չկա որեւէ կարգավորում, պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները: «Պետությունը որպես գործատու, Հանրային ծառայությունների օրենքի նախագիծ է շրջանառել, որով հստակ գործում են այդ կարգավորումները՝ համաձայն որի, եթե աշխատողը չի թեստավորվում եւ 30 օր աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան աշխատանքից ազատել: Եթե նախագիծն ընդունվի, նոր՝ դրանից հետո կոնկրետ հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նման կարգավորումներ կիրառել: Իսկ եթե խոսում են այն անձանց մասին, որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, այլ ոչ թե ոլորտային օրենքով, ապա այս մասով չկա որեւէ կարգավորում, չկա անգամ նախագիծ, որ պետք է փոփոխություն լինի».-ասաց Ժորա Սարգսյանը: Նրա խոսքով, այդուհանդերձ, դրանք չեն դիտարկվում, որպես աշխատող-գործատու իրավահարաբերություններ եւ ավելի շատ դիտարկվում է հանրային առողջության տեսանկյունից: Աննա Հարությունյանը, հղում անելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքին, ասաց՝ մասնավոր լինի, թե պետական, միեւնույն է, գործատուն տուգանվելու է. «Սանիտարական նորմերի չպահպանելը առաջացնում է տուգանքի որոշում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ»: Թե ինչու ուսանողներին չի վերաբերում այս կարգավորումը, Ռոմելլա Աբովյանն ասաց, որ յուրաքանչյուր որոշում կայացվում է՝ ելնելով համաճարակային առկա իրավիճակից. «Այս պահի դրությամբ տեսնում ենք, որ 25 տարեկանից բարձր տարիքային խումբն է հիվանդանում: Իսկ 25-ից 55 տարեկան տարիքային խումբը կազմում են աշխատողների հիմնական մասը: Հաջորդիվ կքննարկվի նաեւ այլ տարիքային խմբերում պատվաստման հարցը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/09/22/1217406/
© 1998 - 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...